Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է մեծացնել ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործընթացում:
Նա նշել է, որ այս հարցի շուրջ COP29-ի ժամանակ քննարկումներ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Մենք ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ ունենալով կայուն ու հստակ սահմաններով սուվերեն պետություն: Այս խաղաղությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգության համար»,- ասել է Դուդան ՀՀ նախագահ Խաչատուրյանի հետ ասուլիսում։ Նա ընդգծել է, որ Լեհաստանն, օգնության անհրաժեշտության դեպքում, պատրաստ է աջակցել:
Դուդան հավելել է, որ տարածաշրջանի կայունությունը մի շարք երկրների համար կարևոր է, և Լեհաստանը պատրաստ է աջակցել հնարավոր լուծումների հասնելու համար: