ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի ու Հովիկ Աղազարյանի մանդատից հրաժարվելու՝ վարչապետի խնդրանքին․
«Քաղաքական թիմում կա քաղաքական պատասխանատվության էլեմենտ, և քաղաքական պատասխանատվությունը պետք է տարբերել իրավական պատասխանատվությունից։ Այդ տեսանկյունից ներթիմային հարցերում՝ առաջադրումներ, նշանակումներ, պաշտոնից տեղափոխումներ, պետք է որոշակի կանոններ գործեն, որոնք քաղաքական են»,- ասել է նա։ Հարցին՝ եթե միջադեպից հետո իրեն էլ նման խնդրանքով դիմեն, նույնկե՞րպ կվարվի, ասել է. «Ցանկացած քաղաքական գործիչ պետք է ունենա քաղաքական պատասխանատվություն իր բացասական վարքագծի համար»։
Խոսելով ԲԴԽ նախագահի պաշտոնից Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին՝ նա ասել է. «Որևէ պաշտոնյա որևէ եղանակով չի ենթարկվել որևէ ճնշման, որևէ ոչ իրավաչափ վարքագծի։ Ի վերջո, այս որոշումը կայացնողը ԲԴԽ-ն էր, որը կարող էր անդրադառնալ ու պետք է անդրադառնար․ նման անդրադարձ չեմ տեսել, ԲԴԽ-ից որևէ արձագանք չեմ տեսել»։