Քաղաքական

Լեհաստանի նախագահը ժամանել է Հայաստան

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Հայաստան։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, հայտնում է «Արմենպրես»-ը։ 

Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահն առանձնազրույց կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։ Հաղորդվում է, որ պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների նախագահները հանդիպում կունենան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

«Լեհաստանի նախագահը հանդիպում կունենա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ»,- նշված է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում։

Հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 26-ին Լեհաստանի նախագահը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Լեհաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 27-ին կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։