Քաղաքական

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը հանձնել է հավատարմագրերը

Նոյեմբերի 20-ին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ 

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Պապիկյանը վերահաստատել է Հայաստանի   կառավարության հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը։ Մշտական ներկայացուցիչը կարևորել է Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացումն ու ԵԽ օժանդակությունը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի համատեքստում դեսպան Պապիկյանը նշել է, որ Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև վստահության ամրապնդման ուղղությամբ և ընդգծել այդ հարցում միջազգային գործընկերների աջակցության ու ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։

Շնորհավորելով մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն արդյունավետ աշխատանք է մաղթել նրան՝ ի նպաստ Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի միջև առկա ամուր կապերի առավել ամրապնդմանն և զարգացմանը։