Քաղաքական

Կարևորվել է Խաղաղության եվրոպական գործիքակազմին Հայաստանի միացումը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հանդիպել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի հետ (նստավայրը` Թբիլիսի):

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սոնա Ղազարյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը խորհրդարանական ձևաչափով, ինչպես նաև բարեկամական խմբերի միջև հաղորդակցությունն ու փոխգործակցությունը: Էդիտե Մեդնեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ևս կարևորել է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցության խորացումը:

Պատգամավորը ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, խոսել վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ: Նա կարևորել է Խաղաղության եվրոպական գործիքակազմին Հայաստանի միացումը, ինչպես նաև արժևորել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցեր: