Քաղաքական

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտում է Ադրբեջանի կողմից կիրառվող պատժամիջոցները

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը հաշվի առնելով՝

- Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից 2024թ․ հունվարի 24-ին ընդունված 2527 բանաձևը՝ ընդգծելով այդ լիազորությունների օրինականության և համապատասխանության վերաբերյալ բարձրացված մտահոգությունները,

- Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից 2024թ․ օգոստոսի 26-ին ընդունված որոշումը՝ ԵԽԽՎ 76 պատգամավորներին՝ ներառյալ լյուքսեմբուրգցի պատգամավորներ Օկտավի Մոդերին և Իվ Կրուխտենին հայտարարել որպես անցանկալի,

- Լյուքսեմբուրգի և Եվրոպայի Խորհրդի 13 անդամ պետությունների համատեղ խիստ դատապարտումը՝ ուղղված ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորների նկատմամբ կիրառվող այդ միջոցառմանը և դրա չեղարկման վերաբերյալ հստակ կոչին,

- ԵԱՀԿ դիտորդական առաքելության եզրակացությունները, որոնք նշում են, որ 2024թ․ փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակ և քննադատական ձայների ճնշման միջավայրում՝ առանց էական քաղաքական այլընտրանքների,

- Եվրոպական խորհրդարանի 2024թ․ հոկտեմբերի 24-ի բանաձևը, որը մատնանշում է Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության, ակտիվիստների, քաղաքական ընդդիմադիրների և անկախ լրատվամիջոցների դեմ ճնշումների ուժեղացումը՝ ստեղծելով վախի մթնոլորտ,

- Amnesty International-ի և Human Rights Watch-ի զեկույցները, ըստ որոնց, մոտ 300 մարդ ներկայումս անօրինական կերպով բանտարկված է Ադրբեջանում՝ քաղաքական պատճառներով։

Հիշեցնելով

- Նախկինում ընդունված բանաձևերը Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ,

- Բաց երկխոսության կարևորությունը քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների հետ՝ նրանց գործունեության ազատությունն ապահովելու նպատակով։

Դատապարտում է

- Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող պատժամիջոցները, որոնք ուղղված են պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքի ազատության դեմ,

- Քաղաքացիական հասարակության, լրագրողների և այլ քննադատների դեմ ուղղված կամայական բանտարկությունները։

Պահանջում է

- Անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց,

- Վերացնել բոլոր սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների ազատ տեղաշարժը։

Հանձնարարում է

- Պատգամավորների պալատի նախագահին այս տեքստը պաշտոնապես փոխանցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին՝ որպես խորհրդարանական երկխոսության և դիվանագիտության հանձնառության նշան,

- Լյուքսեմբուրգի պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ներկայացնել արտակարգ քննարկման առաջարկ՝ 2024 թվականի նոյեմբերի 28-29-ին կայանալիք նիստում,

- Լյուքսեմբուրգի պատգամավորներին օգտագործել խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավորությունները՝ աջակցելու անկախ քաղաքացիական հասարակությանը և խաղաղ հավաքների իրավունքին։

Վերստին հաստատում է՝

- Իր հանձնառությունը պաշտպանելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները՝ դրանք դնելով Ադրբեջանի հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների կենտրոնում: