Քաղաքական

Հովիկ Աղազարյանը հայտնել է, թե երբ վայր կդնի մանդատը

ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ինքը մասնակցել է ՔՊ վարչության նիստին, պարզաբանումներ է տվել խորհրդարանական լսումների ժամանակ ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի առթիվ։

«Մասնակցել եմ նիստի այդ հատվածին, վարչության մեր գործընկերները տվել են բազմաթիվ հարցեր՝ պարզաբանելու այս կամ այն դրվագը, որից հետո ես դուրս եմ եկել վարչության նիստից, որովհետև վարչության անդամ չեմ»,- ասել է նա։ Հարցին՝ ինչ որոշում են կայացրել, Աղազարյանը նշել է, որ չգիտի. «Ոչ մի դժգոհություն չունեին։ Ինձ հետ ճշտում էին, թե օրինակ՝ ինչպես եղավ, որ պարոն Քյարամյանին դիմեցի «արա» բառով»։

Հնարավո՞ր է մանդատը դնի հարցին, Աղազարյանը նշել է՝ նման հարց չի քննարկում։ Հարցին՝ երբ պահանջեն մանդատը վայր դնել, կգնա արդյոք այդ քայլին, Աղազարյանը նշել է. «Երբ ներկայացվի, այն ժամանակ կմտածեմ»։ Հարցին՝ հնարավոր է, որ չդնե՞ք, ասել է. «Հնարավոր է, որ դնեմ էլ։ Երբ պարոն Քյարամյանը, ինչպես հայտարարել եմ հրապարակավ, անուններ տա, հիմնավորի, որ իմ անունից դիմել են խնդրանքով իմ որդու մասնակցությամբ ընկերության հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, ապա ես կդնեմ մանդատը»։

Նա շեշտել է, որ ՔՊ-ում իր ընկերները բարձր են գնահատում, սիրում «իմ խառնվածքի համար, երբեմն անհարկի համարձակության համար»։