Քաղաքական

«Պաշտոնանկությունները կապված են դժգոհությունների հետ». Կոնջորյան

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է իրավապահ համակարգում պաշտոնանկություններին՝ հիշեցնելով, որ վարչապետն իր դժգոհությունն էր հայտնել կառավարության՝ ուրբաթ օրվա նիստում և շեշտել, որ որոշումներ է կայացնելու․

«Հայաստանում դատաիրավական համակարգի վերաբերյալ դիտարկումները թե՛ վարչապետի, թե՛ կառավարող ուժի կողմից նոր չեն: Վարչապետը կառավարության նիստերում բազմիցս խոսել է այս թեմաներով, նաև մենք, որպես խմբակցություն, բազմիցս հարցեր ենք բարձրաձայնել, այդ թվում՝ հրապարակային, այդ թվում՝ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ: 

Ենթադրաբար, Հայաստանում մարդիկ ունեն արդարության պահանջ, և մենք չափազանց կարևորում ենք, որ այդ պահանջը էմոցիոնալ պահանջից վերաձևակերպվի և դառնա ինստիտուցիոնալ իրողություն»,- ասել է նա՝ հավելելով, որ խորհրդարանում էլ են հնչել դժգոհություններ ոչ միայն դատաիրավական համակարգի վերաբերյալ, այլև՝ հանցավորության վիճակի: Ըստ նրա՝ «այս ամենն անթույլատրելի է, և դրա դեմը պետք է առնել»։

Անդրադառնալով անձերի փոփոխությունից հետո համակարգային խնդիրների լուծմանը՝ Կոնջորյանը նշել է. «Դա իսկապես լուրջ է, որովհետև ճիշտ է՝ զուտ անձով հնարավոր չէ լուծել խորքային խնդիրները, մանավանդ՝ արդարադատությանը վերաբերող խորքային խնդիրները, որոնք Հայաստանում 30 տարվա կուտակված խնդիրներ են։ Եվ այստեղ մենք համալիր գործողությունների կարիք ունենք, բայց, կարծում եմ, այլընտրանք չկա։ Այսինքն, այո, կադրային փոփոխություններն անհրաժեշտ են, բայց բավարար չեն, որպեսզի կարողանանք հետևողական նոր տեսլականներ ներդնել»։