Քաղաքական

«Ընդդիմության վախերը բյուրեղացնում են բարդույթները». Կոնջորյան

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, թե իշխանությունն արտահերթ ընտրությունների ծրագիր չունի․

«Հայաստանում 2021 թվականին են տեղի ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Հայաստանի ժողովուրդն իր կամքը ձևակերպել է ընտրությունների արդյունքում:

Հաջորդ հերթական ընտրությունները 2026 թվականին են, և մենք մինչև 2026 թվականը մի շարք անելիքներ ունենք ժողովրդի կողմից մեզ տրված մանդատն իրագործելու ճանապարհին, և ընդդիմությունը լավ կանի, որպեսզի օգտվի նաև այս առիթից և ինքնահայեցման սեփական օրինակը ցույց տա, որովհետև ես կարծում եմ՝ ինքնահայեցումը, ռեֆլեքսիան մի բան է, ինչն ընդդիմության մոտ բացարձակապես գոյություն չունի»,- ասել է նա:

Կոնջորյանը նաև շեշտել է, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ ընդդիմության վախերն «ակնհայտորեն բյուրեղացնում են հենց իրենց բարդույթները, որովհետև շատ լավ հասկանում են, որ հանրության շրջանում իրենց հավանության մակարդակը շրիշակից էլ ներքև է իջել, և այդտեղ նրանք լրջագույն ռիսկեր են տեսնում»: