Քաղաքական

Ռուբինյանը հիշեցրել է, որ 1989թ. ՀՅԴ-ն դեմ էր Հայաստանի անկախացմանը

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի հայտարարություններին, որը նշել էր, թե, ոգևորված անկախության գաղափարով, 1990թ. անդամակցել է ՀՅԴ-ին։

«Ես շատ ուրախ եմ, որ պարոն Մանուկյանը ՍՍՀՄ ժամանակ ոգևորվել և տոգորվել է անկախական գաղափարներով, բայց մի քիչ անտրամաբանական է, որ ինքը անդամակցել է Դաշնակցությանը։ Եթե Գեղամ Մանուկյանը 1990թ․ անդամակցել է ՀՅԴ-ին, որովհետև անկախական նկրտումներ ուներ, երևի սխալվել է, որովհետև 1989թ․ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը ասել է բառացիորեն հետևյալը․ «ՀՅԴ-ն անկախությունը համարում է իր գլխավոր նպատակ, սակայն կարծում ենք, որ անմիջապես անկախության պահանջ ներկայացնելու հարմար ժամանակը չէ, երբ մեր ժողովուրդը ռուս ժողովրդի օգնության կարիքն ունի»։ Բացի այս, նույն 1989թ․ հայկական երեք ավանդական կուսակցություններն, այդ թվում՝ ՀՅԴ-ն, միասնական հայտարարությամբ են հանդես եկել և ժողովրդին կոչ արել խուսափել ծայրահեղ կեցվածքներից, որոնք «խանգարում են հայրենիքի հանրային կյանքի կարգ ու կանոնին, ցնցումների են ենթարկում երկրի տնտեսական, արդյունաբերական, կրթամշակութային կյանքը, վնասում են ժողովրդի վարկը, ինչպես նաև բնականոն հարաբերությունները թե՛ խորհրդային բարձրագույն իշխանությունների, թե՛ խորհրդային մյուս հանրապետությունների հետ և ծառայում են թշնամիների շահերին»։ 

Ռուբինյանը նաև հիշեցրել է, որ 1989թ. նախ ղարաբաղյան շարժում էր, որը վերածվեց անկախական շարժման, և Դաշնակցությունն սփյուռքից՝ մյուս կուսակցությունների հետ, ասում էր՝ «ժողովուրդ, մի արեք»։