ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ՔՊ խմբակցության պատգամավորներին՝ «նեոբոլշևիկյան ատելությամբ» ՀՅԴ-ի մասին խոսելու համար։
Նա նշել է, որ որքան իրենց դեմ խոսեն, այնքան՝ իրենց համար լավ. «Ո՞նց է լինում, որ մեկ ձեզ համար ենք թշնամի, մեկ էլ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի։ Էդ ո՞նց է այդպես համընկնում»։
Վարդանյանն ի պատասխան Հակոբ Արշակյանի հայտարարությունների, թե արցախյան պատերազմի ժամանակ ՀՅԴ-ն հանրահավաքներ էր անում ու պատերազմող երկրի ղեկավարի հրաժարականը պահանջում, ասել է. «Օգտվում եք նրանից, որ ամաչում ենք ամեն անգամ գանք, կանգնենք՝ ասենք այսքան զոհ ենք ունեցել, ասենք՝ 90-ականների արցախյան առաջին պատերազմին Արցախի ՀՅԴ կառույցի ամեն 4-րդը, Հայաստանի էդ ժամանակվա կառույցի ամեն 8-րդը նահատակվել է»։ Վարդանյանը նաև ասել է. «Ես գիտեմ՝ պատերազմներին ՀՅԴ-ն ուր է եղել, այ՝ ձեր ուր լինելն է հարցական»։