Քաղաքական

«Ամեն մարզում ունենք քրեական ոստիկանություն». վարչապետ

Կառավարությունը հաստատել է ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու 2024-26թթ․ գործողությունների ծրագիրը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ոստիկանական բարեփոխումներին՝ նշելով. «Եթե նախկինում կար ոստիկանության մարզային վարչությունների և քաղաքային բաժինների ու բաժանմունքների համակարգ, որը 90-ականների սկզբին ներդրվեց և, պետք է արձանագրել, էական արդյունք ունեցավ Հայաստանում իրավակարգի ամրապնդման գործում, բայց որոշակի փոփոխության ժամանակը, կարծում եմ, հասունացել է։ Հիմա այդ համակարգն այլևս չունենք, և բոլոր մարզերում, ըստ էության, ունենք ուղղաձիգ ենթակայության կառույցներ»,- ասել է նա։

Վարչապետը խոսել է քրեական ոստիկանության մասին՝ նշելով, որ այն արդեն նոյեմբերից գործում է․ «Հիմա ամեն մարզում ունենք քրեական ոստիկանություն, որը զբաղվելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով։ Զուգահեռ, արդեն ներդրել համայնքային ոստիկանություններ, որի օպերատիվ հատվածը զբաղվելու է թեթև, ոչ մեծ ծանրության հանցանքների օպերատիվ սպասարկմամբ»։

Ըստ նրա՝ ամենակարևոր առանձնահատկությունն ինչ է, որ բոլոր այս կառույցներն ուղղաձիգ ենթակայությամբ ենթարկվելու են ոստիկանության հանրապետական ղեկավարությանը․ «Այսինքն, մարզային մասնաճյուղային աստիճանակարգություն գոյություն չի ունենալու, որը, կարծում եմ, շատ կարևոր է»։

Վարչապետը հայտնել է, որ կլինի նաև ոստիկանության գվարդիա, որն էլ ոստիկանության զորքերի իրավահաջորդն է լինելու։