Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում պատմել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից հետո Ալավերդի այցի մասին։ Նրա խոսքով՝ բակում ջրավազան էր գոյացել, որը, պարզվում է, ավտոտնակների պատճառով է եղել․
«Այդ ավտոտնակները դարձել են ամբարտակ, վերևի հատվածի ջուրը մտել է փողոց, եկել, ներքևի հատվածում մտել բակ ու դուրս գալու տեղ չի ունեցել»։ Ըստ վարչապետի՝ բնակիչներին տրվել է փոխհատուցում, բայց «եթե էդ ավտոտնակները քաղաքաշինական նորմերին համապատասխան լինեին, այդքան վնաս չէին կրի»։
Ըստ նրա՝ պետական մոտեցման դեպքում պետությունը չպետք է թույլ տար ավտոտնակների կառուցում, նաև՝ չպետք է փոխհատուցեր.
«Պետությունը այն դեպքում է պետություն, որ ասում է՝ հարգելի քաղաքացի, դու քո արարքի հետևանքի պատասխանատվությունը պետք է կրես։ Քանի դեռ մենք ուժ չունենք դա ասելու մեր քաղաքացուն, մենք պետություն չենք դառնա»,- ասել է նա։
Փաշինյանը կարևորել է՝ «մեզնից յուրաքանչյուրը իր կայացրած որոշումների պատասխանատվությունն ինքը պետք է կրի»:
Նա անդրադարձել է նաև Իջևանով հոսող գետի հունին. «Ասենք, ի՞նչ ենք արել մենք այդ գետերի հուների հետ, ինչեր ենք կառուցել, ոնց ենք այլանդակել մեր սեփական ձեռքերով: Ու նորմալ է՝ ոչ մեկս ոչ մի բան չենք ասելու, որովհետև ընտրություն կա, չգիտեմ՝ ինչ կա։ Լավ, ճամփա են փակելու, բան են անելու։ Սուս ու փուս, եկեք, ոչ մի բան չանենք։ Հետո մի օր այդ ամեն ինչն իր հետևանքը կբերի, մեր պետությանը փաստի առաջ կկանգնի: Ու բոլորս չենք ֆիքսի՝ ինչը ինչի հետևանք է, և ինչը՝ ինչի պատճառ»: