ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում անդրադարձել է ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանի ու Գեղամ Մանուկյանի ելույթներին․
«Հիմա ես մեղավոր չեմ, որ 64 տարեկան եմ և ահագին կյանք եմ ապրել։ Սկսած 90-ական թվականներից՝ ակտիվ քաղաքական կյանք, և եկել, հասել ենք այս օրերին։ Այդ բաժանումները՝ Հովհաննես Քաջազնունի, հնչակ, դաշնակցական, կոմունիստ, ռամկավար, ինձ համար բացարձակապես անընդունելի են։ Նրանք, որ եղել են 100 տարի, 60 տարի առաջ, մեր բոլորինն են՝ իրենց լավ ու վատ գծերով, լավ ու վատ արածներով»,- ասել է նա։ Ըստ Աղազարյանի՝ սխալներ բոլորն են անում. «Մենք էլ ենք այսօր սխալվում՝ այսքան փորձառությունից հետո»։
Ըստ նրա՝ երիտասարդները ցավ են ապրում, որովհետև պատմությունը նայում են 30 տարվա կտրվածքով․ «Արցախի կորուստ, հայրենիքի կորուստ։ Բնականաբար, ցավ են ապրում։ Բայց ես պատմությանը չեմ նայում 30 տարվա կտրվածքով, նայում եմ 100-130 տարվա կտրվածքով, և գտնում եմ, որ այսօրվա իրականությունը այն ժամանակ սկսած պայքարների իրականությունն էր՝ մեր պատմական մեծ հայրենիքի մի հատվածում պետականություն ստեղծելով։ Եվ ստեղծել ենք»։
Նա դիմել է Գեղամ Մանուկյանին. «Պարոն Մանուկյան, երբ հանդիմանում եք, որ մասնակից եմ եղել հռչակագրի ընդունմանն ու այսօր մի քիչ այլ դիրքերի վրա եմ, դե հա, փորձառություն ենք ձեռք բերել, էն ժամանակ երիտասարդ տղա էինք»։ Նա նաև նշել է. «Ընդունվել է հռչակագիրը, շատ լավ հռչակագիր է, ես տեր եմ այդ հռչակագրին։ Բայց դրանից հետո կարևորագույն փաստ է տեղի ունեցել՝ 29.743 կմ2-ի վրա տեղի է ունեցել անկախության հանրաքվե»։
Աղազարյանն անդրադարձել է նաև Արթուր Խաչատրյանի խոսքերին, թե կառավարության ձախողման դեպքում մեղքը նախկին ՀՅԴ-ական Հովիկ Աղազարյանի վրա կգցեն. «Կառավարությունը չի ձախողվի, որովհետև ձևավորված է այս խորհրդարանի կողմից, որտեղ ամբիցիոզ երիտասարդ գործիչներ են, մենք էլ նրանց մեջ երիտասարդ ենք մեզ զգում, և մեր փորձառությամբ ու իրենց ավյունով այնպես ենք անում, որ պարոն Աղազարյանին հանկարծ ոչ մեկը չդատապարտի»։