ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է, թե ոչ ոք չի կարող չեղարկել անկախության հռչակագիրը․ «Մի սուբյեկտ կա իրականության մեջ, որ կարող է չեղարկել հռչակագիրը․ դա ժողովուրդն է։ Միայն ժողովուրդը կարող է չեղարկել այդ փաստաթուղթը։ ՍԴ-ն չի չեղարկել ու չէր էլ կարող չեղարկել այդ փաստաթուղթը»,- ասել է նա։
Ըստ ՍԴ նախագահի՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ որոշմամբ, որտեղ անդրադարձ կա նաև անկախության հռչակագրին, ՍԴ-ն ասել է 30 տարի հայտնի իրողություններ.
«30 տարի սահմանադրությունը ընկալվել է որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ, և անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել սահմանադրության մաս»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե սահմանադրությունն ու հռչակագիրը համեմատեն, իրավական նույն հարթության մեջ տեղավորելիս անհնար է լուծել հակասությունները.
«Ո՞նց եք բացատրելու, որ 20 տարի Հայաստանը պառլամենտական երկիր չի եղել, այլ՝ նախագահական, իսկ հռչակագրով պառլամենտական է։ Այսինքն, մենք կասկածի տակ ենք դնում առհասարա՞կ պետական կառավարումը»։
Ըստ նրա՝ ՍԴ-ն առաջին անգամ խորությամբ ուսումնասիրել է խնդիրն ու արձանագրել գոյություն ունեցող իրողությունները։