«Մեր հավաքական սոցիալական մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ «մեր ենթագիտակցությունն է ապապետական»։
Վարչապետը շեշտել է, որ խոսքը վերաբերում է բոլորին, այդ թվում՝ իրեն, և որ սա ասում է ոչ թե մեղադրելու համար, այլ՝ ինքնաճանաչման։
«Կենսական օրակարգը ճանաչելը կարևոր է զարգացումն ու առաջընթացը ապահովելու, պետության հարատևությունը երաշխավորելու համար»,- ասել է նա։
«Իսկ ինչու՞ է անհրաժեշտ պետության հարատևությունը»,– հարցրել է վարչապետը՝ պատասխանելով․ «Որովհետև պետությունը, միայն պետությունն է մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման գրավականը, ու այդպես եղել է միշտ: Եվ մենք նույնիսկ սա մինչև վերջ և ամբողջական չենք գիտակցել: Կա պետություն՝ մենք կլինենք որպես ժողովուրդ, չկա պետություն՝ չենք լինի որպես հայ ժողովուրդ: Եվ, ի դեպ, մենք մինչև այսօր, որպես ժողովուրդ, կանք բացառապես ժամանակին ունեցած պետական ավանդույթի շնորհիվ, որը, բարեբախտաբար, այժմ իմ կողմից նկարագրվող իրավիճակի բերումով, ամբողջությամբ չէ, որ կորցրել ենք: Դա պատճառներից մեկն է, որ մեզ թույլ է տալիս այսօր ունենալ անկախ պետություն»։
Նա նաև պնդել է, որ վերջին 600-ամյակում «միայն 35 տարի ենք անկախ պետության փորձ ունեցել»։