Քաղաքական

«Դեմագոգիայում էլ տաղանդ չունեք». Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ հասկացել է պետական պաշտոնյաների թիկնապահների վերաբերյալ ՀՅԴ-ական պատգամավորների «ֆետիշի» պատճառը․

«1996թ․, երբ առաջին անգամ ներխուժեցին ԱԺ, և ծեծի ենթարկվեցին ԱԺ նախագահը և նրա տեղակալը, Դաշնակցությունը ակտիվ ներգրավվածություն ուներ այդ գործընթացում։ 1999թ․, երբ երկրորդ անգամ զինված ներխուժում տեղի ունեցավ Ազգային ժողով, ու սպանվեցին շատ պաշտոնյաներ, հանցախմբի ղեկավարը նախկին դաշնակցական էր։ 

Կարծում եմ՝ Աղվան Վարդանյանը կվկայի, որ դաշնակցականը մեկ-մեկ նախկին չի լինում։ 2018 թվականին, երբ երրորդ անգամ ներխուժեցին Ազգային ժողով, և մահափորձ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա, նույն պահին, օրինակ, դաշնակցության ներկայացուցիչներից մեկը գրոհում էր «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը։ Եվ էլ չեմ ասում, թե որքան դաշնակցականներ են ներգրավված եղել այդ անկարգությունների ժամանակ»։

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ականները բողոքում են, որ պետական պաշտոնյաները թիկնապահներ ունեն, «որովհետև ուզում են, որ հաջորդ մահափորձը ավելի հեշտ իրականացվի»․ «Միակ տրամաբանական բացատրությունը սա է»։

Նա նաև հարցրել է, թե ՀՅԴ-ականներն ինչո՞ւ չեն բողոքում, որ Ռոբերտ Քոչարյանը ևս ունի թիկնապահ․ «Ինչո՞ւ, սիրելի գործընկերներ, չեք գնում ձեր քաղաքական ուժի ղեկավարին ասում՝ պարոն Քոչարյան, փորձը ցույց է տալիս, որ երբ Դուք թիկնապահ ունեք, մեկ-մեկ էլ դաշնակցականներ են սպանվում։ Եկեք ամեն դեպքում թիկնապահ մի ունեցեք․ մարդ ես, կարող է՝ մեկին տա, անդազահան անի»։

«Վիճակագրորեն, որևէ պետական պաշտոնյայի թիկնապահ չի սպանել որևէ դաշնակցականի։ Ձեր իշխանության ժամանակ պետական պաշտոնյայի թիկնապահը սպանել է առնվազն մեկ դաշնակցականի»,- ասել է Ռուբինյանը՝ հավելելով, որ ընդդիմադիրները դեմագոգիայում էլ տաղանդ չունեն. «Կարելի է դեմագոգիան լավ անել, ձեզ մոտ չի ստացվում»։