ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ՝ ընդդիմության իրական նպատակն այլ է.
«Ես կարծում եմ՝ դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրի վրա, և ընդամենը ուզում եք Ադրբեջանում գերիների առկայությունը վերածել քաղաքական կապիտալի», – ասել է նա։
Ռուբինյանը նաև անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե գերիների հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ չէ․
«Այսինքն, ինչ-որ մեկը ստեղ կասկածու՞մ է, որ Հայաստանի կառավարությունը ուզում է, որ գերիները վերադառնան։ Ի՞նչն ստեղ հստակ չի։ Բոլոր մեր դիվանագիտական ներկայացուցիչները իրենց բոլոր հայտարարություններում, գործողություններում նշում են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց՝ Հայաստան վերադարձի անհրաժեշտությունը», – նշել է ԱԺ փոխնախագահը։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարությանը, թե իշխանությունը գերիների հարցում լռում է, Ռուբինյանն արձագանքել է.
«Երբ իրար հետ Հռոմում էինք, և բանաձևերից մեկում ընդգրկվեց ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի մասին կետ, դա իմ լռությա՞ն արդյունքում մտցվեց, թե՞ չլռելու»։
Նա նաև ընդգծել է, որ ընդդիմությունը պետք է ակտիվորեն բարձրացնի այս հարցը միջազգային մակարդակում և լծվի դիվանագիտական աշխատանքին․ «Միացեք խորհրդարանական վեհաժողովներում ակտիվ աշխատանքին՝ Հայաստանի շահերն առաջ մղելու համար», – նշել է Ռուբինյանը։