Քաղաքական

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է ՎԶԵԲ տնօրենին նշանակման կապակցությամբ և ներկայացրել կառավարության գերակայությունները և բարեփոխումների օրակարգը: Փոխվարչապետը կարևորել է Հայաստանում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը՝ հատկապես ընդգծելով մասնավոր հատվածի մրցունակության աճը խթանող միջոցառումների կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կապիտալ շուկայի զարգացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերին և դրանցում Հայաստանի մասնակցության կարևորությանը: Այս համատեքստում շեշտվել է Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության կարևորությունը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ՎԶԵԲ Հայաստանի համար 2025-2030 թվականների ռազմավարության նախագծի շուրջ: