ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտնել է, թե Հայաստանը դեռ որոշում չունի՝ կմասնակցի Բաքվում մեկնարկելիք COP-29 համաժողովին, թե ոչ։ Ըստ նրա, գործընթացի դինամիկայից է կախված Հայաստանի մասնակցության հարցը․
«Վստահաբար, այն պահին, երբ լինի որոշումը, մենք պատշաճ կերպով կտեղեկացնենք»,- ասել է փոխնախարարը: Հարցին՝ Բաքվի հետ կա՞ն քննարկումներ այդ միջոցառմանը մասնակցելու և գերիների վերադարձի վերաբերյալ, նա ասել է.
«Ընդհանուր բանակցային դինամիկայից պետք է դատել, բնականաբար, կան խողովակներ, որոնցով ընթանում են շփումները, այդ թվում նաև՝ 11-րդ ադրբեջանական նախագծի խմբագրումը ստացանք վերջերս»։
Ըստ Կոստանյանի՝ գերիների խնդրի հասցեագրումը շատ կարևոր է. «Մենք նույնպես այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, որ բոլոր հայ ռազմագերիները և այլ պահվող անձինք ի վերջո վերադառնան Հայաստան»։
Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի լավատեսական հայտարարությունների մասին խոսելիս նա նշել է. «Շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ կողմերի տեսակետները տարբերվում են, բայց մենք տեսնում ենք հնարավորություն այս տեսակետները մոտեցնելու»։