Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձել է արտակարգ և ռազմական դրության ժամանակ ընտրությունների վերաբերյալ ԸՕ առաջարկվող կարգավորումներին։ Նրա խոսքով՝ օրենսդրական փոփոխությամբ նպատակ ունեն ոչ թե խնդիրներ առաջացնել, այլ՝ հնարավոր առաջացող խնդիրները լուծել։
Հարությունյանը ներկայացրել է այն մեխանիզմները, որոնք նախատեսվում է ներդնել արտակարգ և ռազմական դրություն հայտարարելու դեպքում։ Նրա խոսքով՝ եթե այդ պայմանները հայտարարվում են մինչև քվեարկության օրը՝ ժամը 20:00, ապա ընտրական գործընթացը կասեցվում է։ Եթե արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվի 20:00-ից հետո, այսինքն, մինչ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը, ապա քվեարկության արդյունքների ամփոփումը կշարունակվի այն տեղամասերում, որտեղ հնարավոր կլինի դա կատարել։ Այնուհետև գործընթացը կկասեցվի, և միայն, երբ դրությունը թույլ կտա, գործընթացը կվերսկսվի։
«Այս փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որ ընտրությունների ավարտված արդյունքները, նույնիսկ՝ արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում, չզրոյացվեն։ Եթե հնարավոր է, արդեն անցկացված քվեարկության արդյունքները պետք է համարվեն։ Եվ եթե ինչ-ինչ պատճառներով տեղամասերում չի հնարավոր ամփոփել արդյունքները, ապա ընտրական հանձնաժողովները պետք է կարողանան շարունակել աշխատանքը՝ ապահովելով քվեների հաշվառումը և արդյունքների ամփոփումը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, վերաքվեարկում որոշակի տեղամասերում»,- նշեց Հարությունյանը։
Նա նաև հավելեց, որ ռազմական կամ արտակարգ դրության դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ունենա առանձին կանոնակարգեր՝ ընտրական փաստաթղթերի և այլ անհրաժեշտ միջոցների պահպանման մասին, որպեսզի գործընթացը հնարավորինս անվտանգ և պատշաճ շարունակվի։
Այս օրենսդրական փոփոխությունների նպատակն է ընտրական գործընթացների կայունությունը և թափանցիկությունը՝ նույնիսկ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև ընտրողների ձայների պաշտպանության ապահովումը։