Քաղաքական

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կողմերն անդրադարձել են տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների, վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսության ընթացքին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման քայլերին: