Քաղաքական

«Բոլոր դրույթների շուրջ համաձայնություն դեռ չկա». փոխնախարար

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացին` նշելով, որ Հայաստանը բանակցում է ուղիղ, և որևէ երկիր ներգրավված չէ բանակցություններում․

«Բայց Հարավային Կովկասում կայունության և խաղաղության համար շահագրգռված գործընկերներ կան, որոնք փորձում են դրականորեն աջակցել այս օրակարգին: Մենք բարձր ենք գնահատում նրանց ներգրավվածությունը, և կարծում եմ, մեր հանրության համար պարզ է, թե որ գործընկերներն են շահագրգռված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը»,- ասել է նա:

Անդրադառնալով ադրբեջանական առաջարկների 11-րդ խմբագրմանը՝ Կոստանյանն ասել է, թե ժամանակին կպատասխանեն դրանց. «Մենք շարունակում ենք ներգրավված մնալ բանակցային գործընթացում: Մեր առաջարկը նաև ուժի մեջ է մնում: Այնուամենայնիվ, մենք ստացել ենք 11-րդ խմբագրությունը և կմտածենք ժամկետներում պատասխանելու մասին»: 

Կոստանյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի բոլոր դրույթների շուրջ համաձայնություն դեռ չկա. «Այս պահին  նախարարների կամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա, բայց հայկական կողմը շահագրգռված է հանդիպումները հաճախակիացնել, որպեսզի հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել համաձայնագրի տեքստը»: