Քաղաքական

Օրհներգի տեքստում փոփոխություններ են առաջարկվում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանն առաջարկում են փոփոխություններ կատարել ՀՀ օրհներգի տեքստում։

ԱԺ ներկայացված նախագծում առաջարկում են օրհներգը հետևյալ տեքստով.

«Մեր Հայրենիք, ազատ, անկախ,

Որ ապրել է դարեդար,

Իր որդիքը արդ կանչում է

Ազատ, անկախ Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,

Զոր իմ ձեռքով գործեցի,

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի:

Նայիր նրան՝ երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան»:

Ըստ հիմնավորումների. «Նպատակահարմար է  փոփոխություն կատարել ՀՀ օրհներգի տեքստի մեջ, այն վերադասավորել այնպես, որ ավարտվի հետևալ քառատնով՝

«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:», համապատասխան տրամաբանությամբ և ուղերձով:

Հարկ է նշել նաև, որ վերջին շրջանում ՀՀ օրհներգը որոշ միջոցառումների ժամանակ հնչել է նշված տարբերակով և հավանության է արժանացել հանրության շրջանակների կողմից»,- նշված է հիմնավորումների մեջ: