Քաղաքական

«Պետք է աշխատենք կայուն էներգետիկ ապագա կառուցելու համար». Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 1-ին մասնակցել է «Կլիմայի փոփոխություն և էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովին:

Համաժողովին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագետներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ընդգծելով, որ կլիմայական ճգնաժամը մեր ժամանակների ամենալուրջ մարտահրավերներից է և պահանջում է անհապաղ ու միասնական արձագանք՝ իր ողջույնի խոսքում ԱԺ փոխնախագահը նշել է.

«Կլիմայի փոփոխության հետևանքները դրսևորվում են տարբեր ձևերով՝ ջերմաստիճանի բարձրացում, անկայուն եղանակային պայմաններ և բնական աղետների հաճախականության աճ:

Հայաստանում մենք զգացել ենք կլիմայի փոփոխության հետևանքները՝ սկսած գյուղատնտեսության կառուցվածքի փոփոխություններից մինչև ջրամատակարարման և ջրահեռացման հետ կապված խնդիրներ: Կարևոր է, որ մենք գնահատենք այս իրողությունները և վճռական գործողություններ ձեռնարկենք դրանց հետևանքները վերացնելու համար:

Որպես խորհրդարանականներ՝ մենք կարևոր դեր և պատասխանատվություն ենք ստանձնել այս հարցում: Մեր գործը ոչ միայն օրենքներ մշակելն է, այլև օրինակ ծառայելը, կրթելը և այնպիսի քաղաքականություն վարելը, որի առաջնահերթությունը կայունությունն ու դիմակայունության բարձրացումն է:

Մենք պետք է միասին աշխատենք Հայաստանի համար կայուն էներգետիկ ապագա կառուցելու համար, որը ոչ միայն կբավարարի մեր ներկայի կարիքները, այլև կկանխարգելի վաղվա մարտահրավերները:

Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել մեր գործընկերներին այս նախաձեռնության համար, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, ինչպես նաև մեր միջազգային գործընկերներին, Շվեդիայի և Նորվեգիայի կառավարություններին: Անգնահատելի է մեր խորհրդարանի ներուժին աջակցելու ձեր հանձնառությունը:

Այսօրվա քննարկումների առանցքային թեմաներից մեկը կայուն զարգացմանն ուղղված հասանելի տնտեսական և ֆինանսական գործիքների կիրառումն է: Մենք պատկերացում կկազմենք «կանաչ ֆինանսավորման» տարբերակների և կայուն ներդրումային հնարավորությունների մասին, որոնք կարող են ներգրավել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներդրումները՝ մաքուր էներգիայի և կայուն ենթակառուցվածքների մեջ:

Համագործակցելով և օգտագործելով մեր հավաքական փորձը՝ մենք կարող ենք նպաստել կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացմանը և լավագույն պրակտիկայի ներդրմանը մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Այսօրվա մեր ջանքերից է կախված այն ժառանգությունը, որը մենք թողնելու ենք գալիք սերունդներին: Մենք պարտավոր ենք ապահովել կայուն և բարեկեցիկ ապագա:

Շնորհակալ եմ այս կարևոր գործին ձեր նվիրվածության համար և սպասում եմ նոր գաղափարների ու համագործակցության, որոնք ի հայտ կգան այս համաժողովի քննարկումների ընթացքում»:

Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն ու մեր երկրում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին: Նշվել է, որ Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումների ծրագրերը շարունակական են լինելու: Այս առումով ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի ներգրավվածությունը շրջակա միջավայրի քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացում: Առանձնակի կարևորվել է այն հանգամանքը, որ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը:

Քննարկումների ընթացքում բանախոսները տարբեր ձևաչափերով անդրադարձել են կլիմայի օրակարգի ամրապնդման գործում խորհրդարանի դերին, էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցնելու անհրաժեշտությանը, դիտարկվել են Հայաստանում կլիմայի ռիսկերի փաստական ապացույցները, ընդգծվել դիմակայունության ամրապնդման կարևորությունը:

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Խթանելով ՀՀ Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» և «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրերի հետ համատեղ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ: