Քաղաքական

Վահագն Խաչատուրյանը Կոլումբիայից հեռախոսազրույց է ունեցել Միրզոյանի ու Սիմիդյանի հետ

Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) եզրափակիչ լիագումար նիստի քվեարկության արդյունքներով քվեարկության մասնակից երկրների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել 2026 թվականին կայանալիք համաժողովն (COP17) անցկացնել Հայաստանի Հանրապետությունում:

Այս կապակցությամբ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նախագահը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նախարարներին բարձր մակարդակի միջազգային համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշման կայացման գործում երկու նախարարությունների թիմերի ցուցաբերած համակցված և արդյունավետ աշխատանքի համար:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նաև հաջողություններ է մաղթել հանձնառու գերատեսչություններին 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում: