Հունգարիայում անցկացվել է Եվրոպական միության խորհրդարանների ԵՄ հարցերի հանձնաժողովների համաժողովը: Հայաստանի ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արդեն երրորդ անգամ է հրավիրյալի կարգավիճակով մասնակցում համաժողովին: Հայ օրենսդիրներն իրենց ելույթներում անդրադարձել են խաղաղության օրակարգին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին:
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Արման Եղոյանն ընդգծել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու ԵՄ խորհրդի որոշումը, հույս հայտնել, որ կողմերը հնարավորինս շուտ ավարտին կհասցնեն այս գործընթացը։
«Նաև բարձր ենք գնահատել առաջին անգամ Հայաստանի զինված ուժերին Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով 10 մլն եվրոյի աջակցություն տրամադրելու խորհրդի որոշումը»,- նշել է Եղոյանը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության պայմանագրին, նա տեղեկացրել է, որ բանակցություններն ընթացքի մեջ են։
«Ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը և երկու երկրներում էլ այն արդեն անցել է վավերացման համապատասխան ընթացակարգերով։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները նույնպես ընթացքի մեջ են, և մենք հուսով ենք հնարավորինս շուտ հասնել վերջնական համաձայնության»,- ասել է Եղոյանը։
Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կլինի այս տեսլականի իրագործման ևս մեկ կարևոր հանգրվան, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը:
«Մենք առաջարկում ենք բացել բոլոր տրանսպորտային երթուղիները և ենթակառուցվածքները՝ յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ բացառելով արտատարածքային որևէ տրամաբանություն: Այս երթուղիները կծառայեն որպես ներգրավված երկրների միջև տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի զարգացման միջոց՝ դրանով իսկ նպաստելով Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմանը: Հուսանք, որ բոլոր դերակատարները կօգտագործեն այս շարժիչ ուժը ու դրական դինամիկան՝ պատմության դժբախտ էջերը շրջելու և տարածաշրջանում երկար սպասված կայունության հասնելու համար»,- նշել է նա։