ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը կարծիք է հայտնել, որ սահմանազատման գործընթացը շարունակական կլինի։ Նա հիշեցրել է, որ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ստորագրվել է երկու երկրներում։
Հարցին՝ կվերականգնվի Հայաստանի տարածքն, ու ադրբեջանցիները դուրս կգա՞ն, նա ասել է. «Կարծում եմ՝ այո»։
ԱԱԾ տնօրենը նաև խոսել է հայ-իրանական սահմանին ծառայություն իրականացնելուց. «Նախնական պայմանավորվածություն կա, որ 2025թ. հունվարի 1–ից «Ագարակ» սահմանային կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացվի Հայաստանի սահմանապահ զորքերի կողմից։ Իսկ հայ-իրանական ընդհանուր սահմանին ՌԴ սահմանապահների հետ համատեղ ծառայության վերաբերյալ այս պահին ընթանում են քննարկումներ»։
Նա նշել է, որ Հայաստանի կողմից սահմանի ամբողջական պահպանության որոշում դեռ չկա։ Հարցին՝ իսկ ի վիճակի՞ է Հայաստանը դա անել, նա ասել է. «Փուլային տարբերակով՝ այո, բայց ներկայումս նման որոշում չկա»։