Քաղաքական

Գյումրիի քաղաքապետն ու «Բալասանյան դաշինքի» մյուս անդամները հրաժարական են ներկայացրել

Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 25-ին էլ ինքնաբացարկ էին ներկայացրել «Բալասանյան դաշինքի» ընտրացուցակում ընդգրկված, սակայն մանդատ չստացած թեկնածուները։

«Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ: Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին 18:00-ին հրավիրված նիստին»,- այս մասին հայտնել է ԿԸՀ-ն:

«Բալասանյան դաշինքն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» 2022թ. ՏԻՄ ընտրություններից հետո ղեկավարում էին Գյումրին՝ կոալիցիոն հուշագրի հիման վրա, որը, սակայն, նախորդ տարի խզվեց. ՔՊ-ն դուրս եկավ կոալիցիոն հուշագրից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ՝ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է ներկայացնելու։