Պաշտպանության փոխնախարար, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, թե այս պահին Ադրբեջանի կողմից պատերազմի վտանգ չկա. «Այդպիսի վտանգներ, սպառնալիքներ չկան։ Ներկայումս իրադրությունը սահմաններում համեմատաբար կայուն է»։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է, օրինակ, ԱԳՆ-ն հայտարարում, թե COP-29-ից հետո հնարավոր են ռազմական բախումներ, նա ասել է. «Ներկա դրությամբ ԳՇ-ն չի տեսնում իրավիճակ, որ կարող է լինել պատերազմ։ Արարատ Միրզոյանը գնահատում է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, որը դիտարկում է ոչ թե մեկ ամիս, երկու ամիս, այլ՝ ողջամիտ ժամկետ, որը կարող է գերազանցել վեց ամիսը, մեկ տարին»։
Նա խոսել է նաև սահմանազատման գործընթացի մասին՝ ասելով, որ դրանով նախատեսվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վերականգնում. «Ես վստահ եմ, որ դա հնարավոր է անել խաղաղ գործընթացով»:
Լրագրողի հարցին՝ «սոված ադրբեջանցիները» Ջերմուկի տարածքից գնացի՞ն, թե՞ դեռ ոչ, Ասրյանն ասել է. «Այդ հարցն առաջարկում եմ ինձ այլևս չտալ, որովհետև դա ռազմավարական օպերատիվ նշանակության հարց է, և հասարակության առաջ չեմ պատասխանի»։
Հիշեցմանը, թե այդ օպերատիվ պլանը դուք էիք բացահայտել, երբ ասել էիք՝ շրջափակման մեջ կմնան, կսովածանան, ետ կգնան, նա պարզաբանել է. «Դա ասել եմ 2022թ․, հիմա 2024թ․ է… Դուք արդեն Ձեր հարցադրումով ուզում եք ասել, որ ԶՈւ ԳՇ պետք է զենք վերցնի և գնա այնտեղից նրանց հանի․ դա ճիշտ չէ։ Ճիշտ հարց չեք տալիս»։