Քաղաքական

Արման Խաչատրյանը նշանակվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Նախագահի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Խաչատրյանը։ Արման Խաչատրյանը նախագահի հրամանագրով հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից։

Նախագահի հրամանագրով՝ Արմեն Պապիկյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)։ Արմեն Պապիկյանը հետ է կանչվել Ավստրիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի, ինչպես նաև Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից:

Միևնույն ժամանակ՝ Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)։ Հովհաննիսյանը հետ է կանչվել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի ու Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից: