«Չեմ ուզում՝ տպավորություն ստեղծվի, թե կույր դանակով մորթում եմ, բայց պետք է անեմ, տարբերակ չկա»,- հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ԱԺ-ում ունեցած ելույթում։ Նա ուշադրություն է հրավիրել, որ հատկապես 2024թ. առաջին կիսամյակում ավելացել է կալանքը, որպես խափանման միջոց, ընտրելու՝ դատարանի հաստատած որոշումների թիվը․ «Հիմա դարձել է 89%, և սա մտահոգիչ է»,- ասել է նա։
Թորոսյանն ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ պետական կառույցները և մասնավոր անձինք չեն կատարում քաղաքացիական վճիռներով դատական ակտերը․ «Ուրիշ բան էլ կա, որ քննիչները չեն կատարում դատարանների որոշումները, և դատախազներն, օրինակ, խափանման միջոցի վերաբերյալ բեկանող որոշումը, օրինակ, ստորագրությունը, որպես խափանման միջոց, չեն կատարում։ Մանիպուլյացիաների են դիմում, իրավական աճպարարությունների։ Կանչում են մեղադրյալին, ասում են՝ էս քո որոշումը, որ հանում ենք ստորագրությունդ, էս էլ քեզ քո նոր մեղադրանքը՝ երկու բառակապակցություն փոխած․ նոր մեղադրանք են գրում»,- ասել է նա։