Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան:
Իր ելույթում ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը շնորհավորել է ներկաներին տոնի կապակցությամբ՝ նշելով.
«Երեսուներեք տարի առաջ, ազատ կամարտահայտությամբ, հայ ժողովուրդը հայտարարեց Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Երեսուներեք տարի մենք ապրում ենք, սովորում ու աշխատում, ուրախանում ու տխրում, երազում ու սիրահարվում, կառուցում ու ստեղծագործում մեր հողի վրա՝ Հայաստանի դրոշի ներքո, և սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ», - ասել է Գուրգեն Արսենյանը:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Հայաստանի փոխվարչապետն իր խոսքում ընդգծել է, որ հայ ժողովրդի գլխավոր խնդիրը առանցքային նպատակից ոչ մի քայլ հետ չմնալն է. անկախությունը, ինքնիշխանությունն ու պետականությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների անվտանգության, ազատության և բարեկեցության ապահովման հիմնական հարթակն ու մեխանիզմն են․
«Մենք հաստատակամ ենք հետևողական քայլեր ձեռնարկել՝ ուղղված մեր երկրի հետագա հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը», - նշել է փոխվարչապետ Գրիգորյանը:
Ընդգծելով եվրասիական ինտեգրման ձևավորման գործում Հայաստանի պատմական դերը և Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև դարավոր կապը՝ Ռուսաստանի Ալեքսեյ Օվերչուկը հավելել է.
«Մենք կարևորում ենք մեր դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները Երևանի հետ։ Մեր առաջնորդները կառուցել են վստահելի երկխոսություն. միայն վերջին շաբաթների ընթացքում մի շարք կարևոր բանակցություններ են տեղի ունեցել ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում։ Եվ այս սերտ համագործակցության արդյունքը մեր երկրների հարաբերությունների խորությունը բնութագրող ապրանքաշրջանառության ծավալն է»։