Քաղաքական

«Սահմանազատման հաջորդ հատվածը որոշվելու է կոնսենսուսով». փոխվարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվել են՝ սահմանազատման ենթակա հաջորդ հատվածը որոշվելու է կոնսենսուսով. «Կողմերից որևէ մեկը չի գալու, ասելու՝ եկեք շարունակենք էս հատվածում, ի տարբերություն Տավուշի։ Տավուշի հատվածն իրականության մեջ ամենաբարդն էր»,- ասել է նա։ Ըստ Գրիգորյանի՝ երկար քննարկումներից հետո կոնսենսուս է ձեռք բերվել, որ ամենաբարդ հատվածում սկսեն գործընթացը. «Որովհետև սահմանային բնակավայրերի խտության և մխրճվածության կոնցենտրացիան ամենաշատը Տավուշում էր»։

Զորքերի դիրքերի հետ կապված շարժի մասին նա մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ նման թեմաները պետք է քննարկել փակ ռեժիմում. «Կարող եմ վստահեցնել, որ այդ ռիսկը մեր տեսադաշտում է։ Համաձայն եմ ձեզ հետ՝ անկախ իրավական արդյունքներից, սա ամենակարևոր ռիսկերից մեկն է, որ այս պրոցեսում եթե շարունակենք, մենք պետք է գնահատենք»։