ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաստատելու մասին օրինագիծը։ Այն ներկայացնում է փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը։
Մինչ նիստի մեկնարկը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, մեջբերելով կանոնակարգի տեքստից հատված, որ վեճեր առաջանալու պայմաններում կողմերը պետք է ուղղորդվեն փաստաթղթի ռուսերեն տարբերակով, հարցրեց, թե ինչո՞ւ չկա այն. «Բա ռուսերեն տեքստը ու՞ր ա»։ Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց, թե ԱԺ-ում քննարկվում են հայերեն փաստաթղթեր, նաև ասաց, որ նախկինում էլ համաձայնագրերը քննարկվել են հայերենով, ոչ թե անգլերեն կամ այլ լեզվով։ Սակայն պատգամավոր Գեղամ Մանուկյանն այս դեպքում ռուսերեն տեքստի առկայությունն անկյունաքարային համարեց։
Ավելի ուշ Մհեր Գրիգորյանը նշեց. «Անհրաժեշտության դեպքում այսօր ևեթ կտրամադրեմ։ Ուղղակի հրապարակելու հետ կապված սինքրոն պայմանավորվածություն կա»։