«Եթե մենք սուվերեն պետություն ենք ու շանս ունենք բանակցելու, պետք է առանց միջնորդների բանակցենք»,- հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, սահմանային հարցերով հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը։
«Եթե մենք երրորդ երկիր բերենք, սարքենք արբիտրաժ, ես չգիտեմ՝ ինչ շահերի բախում կլինի։ Եթե դոգմատիկ ասենք, որ էս երկրի կամ էս մարմնի՝ վեճի լուծման արդյունքը երկուսիս համար էլ կարևոր է, ես չեմ կարող նման բանի տակ ստորագրել։ Այսօրվա աշխարհում մենք կարող է այնպիսի ռիսկերի մեջ մխրճվենք, որ մեզնից անկախ լինի որոշում, որը մեզ համար պարտադիր լինի, և ես չկարողանամ պատասխան տալ, թե ինչու մենք պետք է դա կյանքի կոչենք»։
Միաժամանակ, Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ունեն սահմանազատման հանձնաժողովներին առնչվող փաստաթղթերը միասին հրապարակել. «Հաշվի առնելով, որ գործընթացը երկու երկրներում էլ բավական զգայուն, բարդ գործընթաց է, կա պայմանավորվածություն, որ փաստաթղթերը հրապարակային են դառնում ու սինքրոն»,- հայտարարել է փոխվարչապետ Գրիգորյանը՝ մեկնաբանելով, թե ինչու սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի ռուսերեն տեքստը չի հրապարակվում։