Քաղաքական

Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը չվավերացնի սահմանազատման հանձաժողովների կանոնակարգը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնաբանել է, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը չվավերացնի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կամ վավերացնի վերապահումներով։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին ի պատասխան նա նշել է, որ եթե կողմերը ստորագրել են փաստաթուղթը, ապա պատճառ չպետք է ունենան չվավերացնելու այն․

«Եթե ստորագրել ենք կանոնակարգը, կարծում եմ՝ որևէ պատրվակով այն չվավերացնելը կողմերի կողմից բացատրություն չի ունենա, բայց եթե, այնուամենայնիվ, նման բան տեղի ունենա, ապա մենք վավերացնելուց հետո ունենք վերջին փուլը, որ կանոնակարգն ուժի մեջ կմտնի, երբ միջազգային իրավունքի համաձայն՝ մենք փոխանակվենք ծանուցումների բնօրինակներով, և, բնականաբար, եթե վավերացման գործընթացը չավարտվի կողմերից մեկի կողմից, կամ վերապահումներ սահմանվեն դրա հետ կապված, ծանուցումների փոխանակում տեղի չի ունենա, պրոցեսը կընդհատվի»,- ասել է Գրիգորյանը։ 

«Ես չեմ հասկանում՝ ինչու չպիտի վավերացնի Ադրբեջանն այդ կանոնակարգը, որովհետև եթե նման ցանկություն չլիներ, կամ պայմանավորվածությունը կիսատ լիներ, այն ուղղակի չէր ստորագրվի»․ հավելել է նա։