Քաղաքական

Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավարին

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին:

Պատվիրակության կազմում է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է պատմամշակութային խորը հենք ունեցող հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ Հնդկաստանի հետ համապարփակ համագործակցությունն ամրագրված է Կառավարության ծրագրի առաջնահերթություններում:

ԱԺ փոխխոսնակը կարեւորել է միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցության ակտիվացումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը:

Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առեւտրի, տրանսպորտի եւ կապի, առողջապահության, դեղագործության, գյուղատնտեսության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, կինոարտադրության եւ այլ ոլորտներում:

Խոսելով տուրիզմի եւ տնտեսության զարգացման խթանման անհրաժեշտության մասին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է երկու երկրների միջեւ ուղիղ ավիաչվերթների կարեւորությունը՝ նշելով, որ աշխատանք է տարվում չվերթներն ընթացիկ տարում մեկնարկելու ուղղությամբ:

Առանձնացվել է նաեւ համագործակցությունը պաշտպանության ոլորտում:

Կողմերը խոսել են նաեւ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ փոխգործակցության մասին՝ կրթության եւ մշակույթի ոլորտներում:

Հնդկական կողմը շնորհակալություն է հայտնել ավելի քան 3,000 հնդիկ ուսանողների ուսման հնարավորության համար:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքին, ներկայացրել ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ մանրամասնել հայկական կողմի համար ընդունելի առանցքային սկզբունքները: