Քաղաքական

«Մեկն էլ արտագաղթել է խաշ կամ քյաբաբ չսիրելու պատճառով». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Արտագաղթը, որ երրորդ հանրապետության պատմության ամենամեծ պրոբլեմն է, ինչքան էլ զավեշտական թվա, բավարար չափով ուսումնասիրված չէ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։ Ըստ նրա, պետք է հասկանալ՝ ինչպես և ինչ շեշտադրումներով խոսել ժողովրդագրության մասին մի միջավայրում, «որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի հատվածի առաջնային խնդիրը հետևյալն է՝ ինչպե՞ս անել, որ իր տղան չգնա բանակ»։

Նա նաև նշել է. «Բարեկեցության մեջ մտնում է նաև ազատությունը: Մենք չունենք ամբողջական պատկերացում արտագաղթի մասին: Պարզվում է, որ արտագաղթում են նաև սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քյաբաբ չսիրելու պատճառով»:

Ըստ վարչապետի՝ խոսվում է սփյուռքի ներուժն օգտագործելու մասին. «Կներեք, էլի, այդ ո՞վ է Բրյուսելում իր հանդարտ կյանքը թողած՝ գալու ապրի, ենթադրենք, Մովսես գյուղում՝ կրակոցների տակ։ Համենայն դեպս, ցույց տվեք 10 դեպք 30 տարվա ընթացքում, որ եղել է»։