Քաղաքական

Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը պարգևատրել է ՀՀ դեսպանին

Հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանին ընդունեց Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։

Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի ԶՈՒ նախարարն ու Հայաստանի դեսպանը հանգամանալից անդրադարձ կատարեցին Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցության ընթացքին և փոխգործակցության խորացման հեռանկարներին, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ առաջիկայում ծրագրված Ֆրանսիա այցի օրակարգին։

Դեսպան Տոլմաջյանն իր երախտագիտությունը հայտնեց նախարար Լըկորնյուին Հայաստանի ու Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման և պաշտպանական համագործակցության ընդլայնման հարցում վերջինիս սկզբունքային հանձնառության և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար։

Հանդիպման ավարտին նախարար Լըկորնյուն Հասմիկ Տոլմաջյանին պարգևատրեց Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության «Ազգային պաշտպանության» ոսկե մեդալով` Ֆրանսիայում դիվանագիտական գործունեության ընթացքում նշանակալի ձեռքբերումների և պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։