Հասարակություն

Քննարկվել են Սյունիքի մարզում խմելու ջրի մատակարարման հետ կապված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին (ԵՆԲ)։

Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ ջրային ոլորտում առկա է լավ համագործակցություն միջազգային տարբեր գործընկերների հետ և կարևոր է այս համատեքստում ԵՆԲ-ի հետ համագործակցության ակտիվությունը։

ԵՆԲ-ի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել, որ այցի նպատակն է քննարկել Սյունիքի մարզում խմելու ջրի մատակարարման հետ կապված հարցերը։

ԵՆԲ-ի վարկային գծով ավագ պատասխանատու Ստեֆանի Գիհարդը ներկայացրել է տարբեր երկրներում իրենց ունեցած փորձը, խոսել Սյունիքում իրականացվելիք ծրագրերից։ Գիհարդը նշել է, որ շրջանակային համաձայնագրի շրջանակներում ցանկանում են ծրագրեր իրականացնել կրթության, առողջապահության և ջրային ոլորտներում։

Վաչե Տերտերյանը խոսել է ջրային ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած, ընթացքի մեջ գտնվող և ապագա ծրագրերից, խոսել ոլորտում ՀՀ կառավարության ռազմավարության առաջնահերթություններից։

Նախարարի տեղակալը նշել է նաև, որ անհրաժեշտ է ակտիվ համագործկացել ՀՀ ջրային կոմիտեի, Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Սյունիքի մարզի համայնքների և շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ։

Հանդիպման ավարտին քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեում։