Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանական լսումների ժամանակ պատասխանել է երկակի ստանդարտների մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցադրմանը․
«Ենթադրում եմ՝ կարող ենք ավելի կոնկրետ ասել, թե որ դատավարության հետ է կապված Ձեր հարցադրումը, որովհետև եթե նստած էիք դահլիճում, վստահ եմ՝ հետևել եք, որ դատախազությունը պնդեց, որ բացարկի վերաբերյալ հարցերը քննարկելուց հետո հանդես կգա միջնորդությամբ։ Պաշտպանական կողմը պնդեց, որ բացարկի հարց չի կարող քննարկվել, որովհետև իրենք տեղեկացված չեն մեղադրանքից։ Վստահ եմ՝ հիշում եք, որ դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին անդրադառնալ հարցին՝ սկզբից բացարկների՞ հարցն է քննարկում, թե՞ դատախազության միջնորդությունը»,- ասել է նա։
Դատախազը նաև նշել է. «Դատախազությունը յուրաքանչյուր դեպքում, երբ դատական ակտի անվերապահ հիմքեր կարող են լինել (իսկ տվյալ դեպքում դատավորի սուբյեկտայնությունը անվերապահ բեկանման հիմքերից մեկն է), շատ աչալուրջ է, որովհետև մեղադրանքը հետագայում կարող է լուրջ ռիսկի ենթարկվել»։ Նա պնդել է, որ դատախազությունը նման բան թույլ չի տալ։