Քաղաքական

Եռակողմ հայտարարության մեկ կետը չի կարող առանձին դիտարկվել․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովին, որի ընթացքում նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի տեղ չի նշվում, որ «Հայաստանի Հանրապետության որեւէ ինքնիշխան իրավազորություն որեւէ կերպ սահմանափակվելու է կամ որեւէ այլ երկիր վերահսկողություն է սահմանելու Հայաստանի Հանրապետության մեկ քառակուսի մետր տարածքի վրա»։

«Սա ընդհանրապես չի կարող լինել։ Ուստի դիմում ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Այս փաստաթղթում կան տարբեր ասպեկտներ, քանի որ եռակողմ հայտարարության մեկ կետը չի կարող առանձին դիտարկվել։

Հիմա եկեք նայենք մնացած կետերին.

▪️Որտե՞ղ է այժմ Լաչինի միջանցքը։

▪️Որտե՞ղ են այն խաղաղապահները, որոնք, ըստ եռակողմ հայտարարության, պետք է տեղակայվեին Լեռնային Ղարաբաղում.

▪️Որտե՞ղ է եռակողմ հայտարարության յոթերորդ կետը, որտեղ ասվում է, որ ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների տարածք՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո։

▪️Ինչո՞ւ ներքին տեղահանվածներն ու փախստականները չեն վերադառնում Լեռնային Ղարաբաղ։

Այս ամենը բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։ Ինչո՞ւ դա տեղի չի ունենում»,- ասել է նա։