Քաղաքական

«ԵՄ դիտորդները փակել են ռուս-ադրբեջանական դավադիր պայմանավորվածությունների դուռն ու պատուհանը»․ Բաբաջանյան

Ռուսաստանի ու Ադրբեջանի համար ՀՀ արևելյան սահմանին ԵՄ առաքելության ներկայության փաստն ուղղակի սպառնալիք է, «Խաղաղության խաչմերուկ․ միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ 

Նրա խոսքով՝ նմանատիպ քննարկումները չափազանց կարևոր են, և «Խաղաղության խաչմերուկի» հանրահռչակումն ու խորքային քննարկումներն օգտակար են։ 

«Թուրքիայի ներկայացուցիչն այստեղ հանդես է գալիս նաև Ադրբեջանի անունից։ Ակնհայտորեն նրա կողմից բերված փաստարկները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը։ Հայաստանը ցույց է տալիս, թե որքան կառուցողական է տրամադրված, և մենք Թուրքիայից և Ադրբեջանից լսում ենք միայն պատճառներ՝ սահմանի բացման և հարաբերությունների չկարգավորման ուղղությամբ վերապահումներ ունենալու շուրջ»,- նշել է նա։ 

Բաբաջանյանն անդրադարձել է նաև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ Ադրբեջանն այս պահին ունի ուժային առավելություն և ցանկանում է իր համար նպաստավոր պայմաններով այս գործընթացն ավարտել ու ստանալ առավելագույնը։ 

«Այս պահին Ադրբեջանը չի կարողանում առավելագույնն ստանալ։ Միջազգային կարևոր գործընթացներ կան, որոնք պայմանավորված են թե՛ տարածաշրջանային ընտրական, թե ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններով, որից հետո Ադրբեջանն իր համար առավել շահեկան պատուհան է տեսնում։ Չի բացառվում նոյեմբերի վերջին Հայաստանի վրա հարձակում»,- նշել է Բաբաջանյանը։ 

Երկրորդ պատուհանը, ըստ Բաբաջանյանի, մեծ պատերազմն է Մերձավոր արևելքում, որը ևս Ադրբեջանին կարող է հնարավորություն ստեղծել Հայաստանի և, մասնավորապես, «միջանցքի» նկատմամբ իր հավակնություններն ամբողջացնել։ 

Բաբաջանյանը հավելել է, որ 2022թ․ ի վեր՝ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանը նվազեցրել է թե՛ էսկալացիաների գնալու շրջանակը, թե՛ թիվը, չունենք տարածքային կորուստներ, իսկ մարդկային զոհեր եղել են այն հատվածներում, որտեղ ԵՄ դիտորդներին թույլ չեն տվել մոնիթորինգ իրականացնել։ 

«Ադրբեջանն ու ՌԴ-ն այս հարցում ունեն նույնական պատկերացումներ։ Նրանց համար սպառնալիք է ԵՄ դիտորդների գտնվելու փաստը։ Ռուս-ադրբեջանական համալիր պայմանավորվածությունները չեն կարողանում իրականացնել։ ԵՄ դիտորդներն արագ արձագանքում են՝ փակելով ռուս-ադրբեջանական դավադիր պայմանավորվածությունների դուռն ու պատուհանը»,- եզրափակել է Բաբաջանյանը։