Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է «Մարտի 1»-ի գործին՝ նշելով, որ «ինչ կատարվում է, աբսուրդի ժանրից է և կապ չունի իրավաբանության ու արդարադատության հետ»․
«Երեք տարի այս գործը պահեցին վճռաբեկ դատարանում, սահմանադրական դատարանի կազմը փոխելու օպերացիան ավարտեցին, հետո ՍԴ-ն կայացրեց շատ տարօրինակ որոշում՝ ետ ուղարկվեց վճռաբեկ։ Մի օպերացիա էր մշակվել, որ տևեց երեք տարի։ Դրան գումարենք փաստը, որ ՍԴ-ում այդ որոշմանը քվեարկել են մարդիկ, որոնք քվեարկելու իրավունք չեն ունեցել՝ Վահե Գրիգորյանը և Սասուն Խաչատրյանի եղբայրը։ Իմանաք, որ Հրայր Թովմասյանին թույլ չեն տվել մասնակցել այդ հարցի քննարկմանը հետաքրքիր պատճառաբանությամբ, որ իմ փաստաբան Արամ Օրբելյանի հետ ունի քավոր-սանիկական հարաբերություններ, իսկ հարազատ եղբայրությունը, պարզվում է, խոչընդոտող հանգամանք չէ։ Հիմա ամեն ինչ բաց է լինելու։ Այսօր չկա մեղադրանք, չկա հոդված։ Դուք տեսել եք՝ ես որտեղ եմ նստած եղել այս դատական նիստին։ Իմ տպավորությամբ՝ այս գործն այս վիճակում ուղղակի գցել են առաջին ատյանի դատարանի գրպանը՝ լուծում գտնելու համար»,- ասել է Քոչարյանը։
Իր կալանավորման հնարավորության մասին խոսելիս Քոչարյանը նշել է. «Դուք չե՞ք նկատել, որ նման բաներից ես չեմ վախենում»։
Նա «իրավական խուլիգանութոյւն» է անվանել տեղի ունեցողը։ Իսկ հարցին՝ հիմա՞ էլ զանգովի արդարադատություն կա, ինչպես իր օրոք, Քոչարյանն ասել է. «Դուք չե՞ք նկատում՝ հիմա ընդհանրապես արդարադատություն կա, թե չէ։ Ես ավելի քան մեկուկես տարի կալանավորված եմ եղել ապօրինաբար՝ չեղած հոդվածով, և մինչ այսօր ինձնից ներողություն չի խնդրել ո՛չ դատախազությունը, ո՛չ որևէ պետական մարմին։ Ավելին, շարունակում են աճպարարությամբ այս գործը ետ բերել դատարան՝ ինչ-ինչ նպատակներով»։
Խոսելով 2008թ. մարտի 1-ի գործի նախաքննության, այդ օրը կիրառված փամփուշտները փոխելու մասին, Քոչարյանը նշել է. «Ե՞րբ է դա կատարվել։ Ե՞րբ են այդ փամփուշտները փոխվել։ Դուք գիտե՞ք»։ Նա կոչ է արել ուսումնասիրել այդ հարցը, իմանալ՝ երբ է կատարվել դա, եթե կատարվել է։
Նա շեշտել է, որ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով իրեն մեղադրանք է առաջադրվել 2018թ., ի սկզբանե «գոյություն չի ունեցել». «Վճռաբեկը չի վերակենդանացրել 300.1 հոդվածը, այդ հոդվածն այլևս գոյություն չունի և երբեք գոյություն չի ունեցել»։