Հայաստան 0% մաքսատուրքով էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան կավելացվի։ Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ևս 600 մեքենա հնարավոր կլինի ներկրել առանց մաքսատուրքի։ Նա կատակեց, թե «ով շուտ հասավ մաքսային կետ ու շուտ ձևակերպեց, կօգտվի էդ արտոնությունից»։ Վարչապետը նաև նշեց, որ պետք է ուշադիր լինել, որ «այլ երևույթներ չլինեն»։
Հերթագրումների վերաբերյալ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ քաղաքացիներից շատերը հիմա նախնական հայտարարագրեր են փորձում ներկայացնել, որպեսզի հերթն «առաջ տան»․ «Մենք պարզաբանել ենք, ևս մեկ անգամ, առիթն օգտագործելով, ուզում եմ նշել, որ նախնական հայտարարագրերը որևէ կերպ չեն նպաստելու հերթն առաջ բերելուն։ Այսինքն, այն մեքենաները, որոնք առաջինը կհասնեն մաքսային ձևակերպումների սրահ՝ Գյումրի, և առաջինը էլեկտրոնային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը կգրանցվի, իրենք են օգտվելու քվոտայից»,- ասաց Բադասյանը՝ ընդգծելով, որ խստորեն կպահպանեն, որպեսզի հերթերի կառավարման առումով որևէ խնդիր չառաջանա։