Հայաստանը հույս ունի մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ն Ադրբեջանի հետ ստորագրել 16 կետանոց խաղաղության պայմանագիր, Reuters-ին հայտնել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
ՀՀ նախագահի խոսքով՝ այս քայլը կարող է թուլացնել լարվածությունը Հարավային Կովկասում նույնիսկ այն դեպքում, երբ Բաքուն ազդանշան է տվել, որ գործընթացը փակուղի է մտել:
«Հայաստանը հույս ունի առաջիկա չորս շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Եթե ամեն ինչ միայն մեզնից կախված լիներ, մենք կստորագրեինք հենց հիմա՝ այսօր։ Բայց հույս ունենք, որ վաղ թե ուշ կհասնենք այս նպատակին»,- նշել է Խաչատուրյանը։
Նա նաև նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները դրական են ընթանում, և քննարկվում է երկու երկրների միջև երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու հարցը։
«Սա ազդանշան կլինի, որ իրական դիվանագիտական հարաբերություններն իրականություն են դարձել»,- ասել է ՀՀ նախագահը։