Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի:
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին և վերջին զարգացումներին: Վարչապետն անընդունելի համարելով վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը՝ ընդգծել է Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Բելգիայի վարչապետը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերը` ողջունելով այդ ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ու դրա սկզբունքների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր դը Քրուն քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ: Բելգիայի վարչապետը հայտնել է իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը` նպաստելու այդ գործընթացին: