ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին։
«Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,
Մեծարգո՛ նախարարներ, հարգելի՛ գործընկերներ,
Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել Ֆրանսիայի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական հանդիպումը և առաջիկա գագաթաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հիրավի մտահոգության մեծ տեղ են տալիս։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ ժամանակաշրջանում, որը բնութագրվում է հակամարտությունների և ճգնաժամերի աճող թվով, բազմակողմ ինստիտուտների ու միջազգային իրավունքի գերակայության թուլացմամբ։
Մեր կազմակերպությունն իր անդամների աշխարհագրական ու մշակութային բազմազանությամբ, հիմնարար արժեքներով, մարդասիրական, կրթական, մշակութային, շրջակա միջավայրի պաշտպանության, կանանց առաջխաղացման առաջադեմ օրակարգերով, ունի բավարար ներուժ նշված մարտահրավերներին հակազդելու համար։
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը ողջունում է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որտեղ մեզ հաջողվել է համակողմանի անդրադառնալ Ֆրանկոֆոն տարածաշրջանում առկա անվտանգային սպառնալիքներին և մատնանշել դրանց հաղթահարման ուղիները։
Կարևոր ենք համարում, որ բանաձևն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հիմնված պետությունների տարածքային ամբողջականության հարգման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի։ Բանաձևը ողջունում է նաև 2024թ. ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա միջպետական սահմանի սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և խրախուսում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների նկատմամբ հարգանքի հիման վրա։
Հայաստանը հանձնառու է շարունակելու իր ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը։ Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ։ Վստահ եմ, որ ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը խաղաղության գործընթացին դրական ազդակ կհաղորդի դրան»,- ասված է նախարարի ուղերձում։