1999թ․ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 25 տարի անց «Հոկտեմբերի 27-ի» վարույթը գտնվում է նախաքննության փուլում:
Radar Armenia-ին քննչական կոմիտեից հրաժարվել են մանրամասն տեղեկություններ տալ՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին.
«Հաշվի առնելով, որ դրանց վերաբերյալ առկա տեղեկատվությունը պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում»,- նշված է պատասխանում։
Նշենք՝ 2022թ. հուլիսի 1-ին գործողության մեջ դրված քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ ԱԱԾ քննչական մարմնի գործառույթները 2024թ. հունվարի 1-ից փոխանցվել են քննչական կոմիտեին, և այդ հանգամանքով պայմանավորված՝ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում իրականացված քրեական վարույթներն ուղարկվել են գլխավոր դատախազություն, որտեղ էլ որոշվել է «Հոկտեմբերի 27»-ի քրգործի անջատված մասի վարույթի նախաքննությունն ուղարկել հակակոռուպցիոն կոմիտե: Իսկ 2024թ. փետրվարին գործի քննությունը վերապահվեց քննչական կոմիտեին։
2019-ին գլխավոր դատախազությունը բավարարել էր Անահիտ Բախշյանի փաստաբանների բողոքը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված և կարճված մասով նոր քննություն սկսելու վերաբերյալ, սակայն մինչ օրս որևէ մեղադրյալ չկա։
Հիշեցնենք՝ Նաիրի Հունանյանի գլխավորած հանցախումբը, 1999թ․ հոկտեմբերի 27-ին ներխուժելով Ազգային ժողով, գնդակահարել էր Հայաստանի ղեկավարությանը՝ այն ժամանակվա խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին և ևս վեց պաշտոնյայի։
Հայկ Մագոյան